ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թ. դեկտեմբերի 10-ին լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանի խմբագրությամբ կազմված «Տարածաշրջանային վերափոխումները և Հայաստանը․ անվտանգության տեղաշարժեր» միջազգային գիտաժողովի զեկույցների ժողովածուն։ Ժողովածուի հրատարակումը իրականացվել է Համահայկական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Ներկայացված զեկույցները արտացոլում են արդի աշխարհաքաղաքական միջավայրում տեղի ունեցող տարածաշրջանային վերափոխումները և դրանց համատեքստում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներն ու մարտահրավերները։

Ժողովածուում ընդգրկված են բազմաբովանդակ և բազմավեկտոր ուսումնասիրություններ․ անդրադարձ է կատարվել Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի զարգացումներին, Աֆրիկայի անվտանգային մարտահրավերներին, սիրիական հակամարտության ընթացքին ու հեռանկարներին, ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների բազմաշերտ բնույթին։ Վերլուծության են ենթարկվել Իսրայելի, Թուրքիայի, Իրանի և Ծոցի արաբական երկրների տարածաշրջանային շահերն ու քաղաքական առաջնահերթությունները։